Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանի և Տեր Թադե քահանա Թախմազյանի հայցերով քաղաքացիական գործերի վարույթները՝ որոշելով, որ հոգևորականներին կարգալույծ հռչակելու վերաբերյալ վեճերը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չեն։
Երկու հոգևորականները դատարանից պահանջում էին անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ իրենց կարգալույծ հռչակելու հայրապետական տնօրինությունները և վերականգնել նախկին պաշտոններում՝ Ասատրյանին՝ Սուրբ Հովհաննավանքի, Թախմազյանին՝ Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում։
Դատարանը եզրակացրել է, որ հոգևորականներին կարգալույծ հռչակելու հարցերը վերաբերում են Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին և կարգավորվում են եկեղեցական կանոններով։ Ըստ այդմ՝ դատարանը կարճել է վարույթները՝ առանց հայցերը ըստ էության քննելու և Կաթողիկոսի որոշումների իրավաչափությունը գնահատելու։
Միաժամանակ վերացվել են ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնցով Մայր Աթոռին և այլ անձանց պարտավորեցրել էին չխոչընդոտել երկու հոգևորականների պաշտոնավարմանը մինչև գործերով վերջնական դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը։
Դատարանի որոշումները կարող են բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում։
Երեկ նույն հիմնավորմամբ կարճվել էր նաև Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանի հայցով գործի վարույթը։ Նա ևս պահանջում էր անվավեր ճանաչել Կաթողիկոսի որոշումը և վերականգնել իրեն թեմակալ առաջնորդի պաշտոնում։ Սարոյանն «Ազատությանը» հայտնել էր, որ շարունակելու է պայքարը դատական մյուս ատյաններում։
Դատարանը նաև վերացրել էր ավելի վաղ ընդունած որոշումը, որով Մայր Աթոռին պարտավորեցրել էր չխոչընդոտել Սարոյանի պաշտոնավարմանը մինչև դատական գործի ավարտը։ Մայր Աթոռը չէր կատարել այդ որոշումը, ինչի համար Քննչական կոմիտեն դատական ակտը չկատարելու մեղադրանք էր առաջադրել Գարեգին Երկրորդին և վեց եպիսկոպոսների։
Մայր Աթոռը Կաթողիկոսին և վեց եպիսկոպոսներին առաջադրված մեղադրանքը համարում է քաղաքական հետապնդում և անօրինական միջամտություն եկեղեցու ներքին կյանքին։
