Ստեփանավանի երկու ընտրատեղամասում «Ազատությունն» այսօր արձանագրել է, թե ինչպես է տարածքը հսկող ոստիկանը մոտեցել տեղամասային հանձնաժողովի նախագահին ու հետաքրքրվել, թե այդ պահի դրությամբ քանի ընտրող է քվեարկել: Նախագահը տրամադրել է ոստիկանի պահանջած տեղեկությունը:
«Ազատության» հարցին ի պատասխան՝ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն ասել է, որ հրահանգ ունի՝ քվեարկության մասին տվյալները կարող են հայտնել նաև ոստիկաններին:
Նույն տեղամասում հանձնաժողովի անդամները դժգոհում էին դրոշմանիշի որակից: Այն կպչում էր մատներին և պոկվում քվեարթերթիկից:
Այս տեղամասում նախագահը հավաքել է հանձնաժողովի այն անդամների գրիչները, որոնք իրենց աշխատանքի ընթացքում դրանց կարիքը չունեին:
Տեղամասային հանձնաժողովի նախագահն «Ազատությանն» ասել է, թե տեղամասերի տեսագրությունից կասկածներ են եղել, թե որոշ տեղամասերում հանձնաժողովականները քվեաթերթիկների կամ ծրարների վրա նշումներ են անում՝ դրանք անվավեր դարձնելով:
Այս մասին հանձնաժողովի նախագահի խոսքով, մի անհայտ քաղաքացին է հայտնել, ով իրեն քվեարկության սենյակից դուրս է կանչել՝ առաձնազրույցի:
Ստեփանավանի 25/09 տեղամասում էլ մի քաղաքացի ավելի քան կես ժամ ներսուդուրս էր անում քվեարկության սենյակ և ուղղորդում ընտրողներին:
«Ազատ քվե» դիտորդական առաքելության դիտորդի միջամտությունից հետո միայն հանձնաժողովն արձանագրություն է կազմել, և ոստիկանները նրան հեռացրել են տարածքից:
Խոշորացված Ստեփանավանում գրանցվել է ամենաբարձր մասնակցությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժովովի վերջին՝ 17:00-ի տվյալներով՝ ընտրատեղամասեր է գնացել ընտրողների 58.36 տոկոսը: Այստեղ իշխանության համար 4 ուժ է պայքարում՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունները:
