Դատարանը մերժել է Հայ առաքելական եկեղեցու դեմ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանի [աշխարհիկ անունը՝ Արման Սարոյան] հայցը: Մայր աթոռի դեմ պայքարին միացած կարգալույծ հոգևորականը պահանջում էր, որ իրեն վերականգնեն թեմակալ առաջնորդի պաշտոնին: Տասն ամիս անց առաջին ատյանը կարճեց գործը: Դատարանում պարտված Սարոյանը չի նահանջի: «Ազատությանն» ասաց՝ շարունակելու է պայքարը մյուս ատյաններում:
Սարոյանը Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու՝ վարչապետ Փաշինյանի արշավին միացած տասը հոգևորականներից է: Նա պահանջում է Գարեգին երկրորդի հրաժարականը: Կաթողիկոսը նրան թեմի առաջնորդի պաշտոնից ազատեց եկեղեցու կանոններից շեղվելու համար, հետո էլ կարգալույծ արեց:
«Մայր Աթոռի այսօրվա փաստացի պետը այդ հարցին հակականոնական լուծում է տվել: Այդպես նախ ոչ թեմակալ առաջնորդի պաշտոնից են ազատում, ոչ էլ այդ ձևով կարգալույծ են անում: Համապատասխան ատյաններ են գումարվում, լսվում է խնդիրը... մինչև վերջ գնալու եմ», - «Ազատությանը» փոխանցեց Սարոյանը:
Մայր աթոռի փաստաբանները հենց սկզբից էին պնդում՝ Կաթողիկոսի որոշումները դատարանը քննելու իրավունք չունի, Վեհափառի իրավասությունն է: Դատարանն էլ ամիսների քննության արդյունքում արձանագրել է, որ թեմի առաջնորդի նշանակումն ու ազատումը Ամենայն հայոց կաթողիկոսի բացառիկ իրավասությունն է և եկեղեցու ինքնակառավարման ու ներքին կյանքի անբաժանելի մասն է: Այսպիսի հարաբերություններն, ըստ դատարանի, կարգավորվում են ներեկեղեցական կանոններով, որոնք պարտադիր ուժ ունեն եկեղեցու բոլոր պաշտոնյաների համար։
Առաջին ատյանը վերացրել է նաև ավելի վաղ կայացրած միջանկյալ որոշումը, որը Կաթողիկոսի ու վեց սրբազանի դեմ քրեական գործ հարուցելու պատճառ դարձավ: Դատարանը պահանջել էր հայցի ապահովման միջոց կիրառել ու մինչև դատաքննության ավարտը Արման Սարոյանին թողնել առաջնորդի պաշտոնում: Այս միջանկյալ որոշումը չէր կատարել Մայր Աթոռը և Քննչական կոմիտեն մեղադրանք առաջադրեց Գարեգին 2-րդին ու վեց եպիսկոպոսի՝ դատական ակտը չկատարելու համար:
Այս դեպքում էլ Մայր աթոռի պաշտպանները պնդում էին, որ իրավապահ կառույցներն ու դատարանը իրավունք չունեն քննել եկեղեցու որոշումները, բայց գործը շարունակվեց, ու նրանք հիմա ամբաստանյալի կարգավիճակում են:
Եթե դատական մյուս ատյաններն էլ կարճեն կարգալույծ հոգևորականի պահանջը, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ կփակվի նաև Կաթողիկոսի ու մյուս հոգևորականների գործը: Մայր աթոռի փաստաբաններից Արմինե Ֆանյանը հրաժարվեց մեկնաբանել, ասաց՝ պաշտպանական խումբը դիրքորոշումը կհայտնի դատարանի որոշումը քննարկելուց հետո:
Փաստաբաններից Արա Զոհրաբյանը դատարանի որոշումից հետո «Ֆեյսբուքում» գրել է. -
«Եկեղեցու հոգևոր իշխանության ձևավորումը, հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող նույնացվել սովորական աշխատանքային հարաբերությունների հետ և ենթարկվել աշխարհիկ դատարանների վերահսկողությանը՝ անտեսելով Եկեղեցու կանոնական իրավունքը։ Եկեղեցու ինքնավարությունը ոչ թե արտոնություն է, այլ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող հիմնարար երաշխիք»։
Եկեղեցու դեմ Արման Սարոյանի գործը քննել ու կարճել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը: Կաթողիկոսի եւ վեց եպիսկոպոսի գործն էլ թեև դատարանում է, բայց դեռ ըստ էության չի քննվել: Այս գործով առաջին դատավորը ինքնաբացարկ էր հայտնել, երկրորդը պնդել էր, որ ոչ թե Արմավիրում, այլ Երեւանում պետք է քննեն, երրորդ դատավորն էլ դիմել էր Վճռաբեկ, որն էլ հայցը ետ ուղարկեց Արմավիրի դատարան:
Վեհափառի և վեց եպիսկոպոսների նկատմամբ մեղադրանքը Մայր Աթոռից որակում են քաղաքական հետապնդում ու անօրինական միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին։
