Ռուս-ուկրաինական հակամարտությունը, ի վերջո, կկարգավորվի, բայց առանց նախագահ Զելենսկիի, ամերիկյան Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահը: Դոնալդ Թրամփը պնդել է, որ Զելենսկին միայն խոսում է հակամարտությունը խաղաղ կարգավորելու մասին, սակայն իրական քայլեր չի անում:
«Զելենսկին այն մարդը չէ, ում հետ կարելի է գործ ունենալ … Կարծում եմ՝ նրանք ի վերջո կգտնեն լուծում։ Բայց դա կլինի առանց նրա, քանզի նա չի ուզում կարգավորում: Նա ասում է, որ ցանկանում է, սակայն չի ցանկանում»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը «խայտառակություն» է որակել այն, որ ռուսական նավթավերամշակման գործարաններին չհարվածելու իր խնդրանքից հետո Ուկրաինան շարունակում է հարվածները: Նաև կրկնել է, թե Զելենսկիի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է, քան Վլադիմիր Պուտինի։
Երեկ էր Զելենսկին հայտարարել, որ վերսկսում են հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին՝ պնդելով, որ նույնը անում է ռուսական զինուժը: Իսկ Թրամփի քննադատությանը նա չի պատասխանել:
ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային
Ու մինչ Թրամփն արդեն բացահայտ է քննադատում Զելենսկիին, իսկ անցած շաբաթ էլ ասել էր, թե Ուկրաինայում պետք է նախագահական ընտրություններ անցկացվեն, Ուկրաինային իրենց աջակցությունն են վերահաստատել եվրոպացի առաջնորդները: ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից առաջ Զելենսկիի հետ ճեպազրույցի ժամանակ նրանք վստահեցրել են՝ ԵՄ-ն կշարունակի լայնածավալ աջակցությունն Ուկրաինային, ինչպես նախկինում:
«Հիմա Ուկրաինային աջակցությունը դադարեցնելու ժամանակը չէ։ Հիմա Ռուսաստանի պատժամիջոցները մեղմելու ժամանակը չէ։ Հիմա ժամանակն է մեծացնելու մեր աջակցությունը։ Հարգելի՛ Վլադիմիր, կարող եք հույս դնել մեզ վրա՝ ոչ միայն պատերազմում ձեզ աջակցելու, այլ ամենակարևորը՝ ձեր ապագայի առումով՝ որպես ԵՄ անդամ»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Եվրոպական հանձնաժողովի նախագահն ասել է, որ ձմռանն ընդառաջ Ռուսաստանն ամեն ինչ անում է Ուկրաինայի էներգետիկ և ջրային ենթակառուցվածքները ոչնչացնելու համար: Սակայն Եվրոպան Ուկրաինայի կողքին է և կօգնի հաղթահարել բոլոր դժվարությունները, ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը և պնդել է, որ Ռուսաստանը ոչ մի րոպե չհարգեց Թրամփի էներգետիկ հրադադարը:
«Փոխարենը, Ռուսաստանը սրեց իրավիճակը, ուստի մենք պետք է մեծացնենք Ռուսաստանի վրա ճնշումը։ Այժմ աշխատում ենք պատժամիջոցների 22-րդ փաթեթի վրա, և մեկ բան միանգամայն հստակ է. որևէ պատժամիջոց չենք վերացնի, մինչև Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը»,- ասել է եվրոպացի պաշտոնյան:
Աջակցություն՝ ձմռանն ընդառաջ
Զելենսկին էլ ասել է՝ դեռ ոչինչ չի վկայում, որ Ռուսաստանն առաջիկայում կկանգնեցնի պատերազմը։ Արդեն ԵՄ գագաթնաժողովի ժամանակ ելույթում նա Բրյուսելից խնդրել է շարունակել աջակցությունը, որպեսզի դիմակայեն ձմռանը:
Զելենսկին «անտեղի» է որակել Թրամփի որոշումը՝ թույլ տալու Ռուսաստանին, որ իր դիզելային վառելիքը վաճառի միջազգային շուկաներում: Կիևը նաև Վաշինգտոնից աջակցություն է խնդրել հակաօդային պաշտպանության հարցում, ասել է նա և հույս հայտնել, որ առաջիկայում բանակցություններ կլինեն ԱՄՆ-ի հետ: Զելենսկին հայտնել է, որ ամբողջությամբ չի վերականգնվել ամերիկյան Starlink արբանյակային կապը, որն իրենց օգնում է խոցել ռուսական անօդաչուները: Արդյունքում ամեն օր ուկրաինացիներ են սպանվում, ասել է նա:
Հարվածները շարունակվում են
Իսկ այս ընթացքում Ռուսաստանը շարունակել է հարվածներն Ուկրաինային, այդ թվում՝ էներգետիկ օբեյկտներին: Խարկովում զոհեր կան, Օդեսայում՝ վիրավորներ: Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Ռուսաստանին: Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները գրեթե ողջ գիշեր չեն գործել, հարյուրից ավելի չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել:
