Տաջիկստանի դատարանը 17 տարվա ազատազրկման է դատապարտել 54-ամյա ընդդիմադիր ակտիվիստ Ասադուլո Բոբոևին, որին Գերմանիան արտաքսել էր այս տարվա հունիսին, հաղորդում են Freedom for Eurasia (FFE) իրավապաշտպան կազմակերպությունը և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությունը:
Պետական մեղադրողը 21 տարվա ազատազրկում էր պահանջել: Բոբոևը մեղադրվում էր քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, այդ թվում՝ պետական կարգի բռնի փոոխության, իշխանության բռնազավթման կամ երկրի տարածքային ամբողջականության խախտման հրապարակային կոչերի համար:
Բոբոևը ընտանիքի հետ Տաջիկստանից հեռացել էր 2017 թվականին՝ նախ՝ Լիտվա, ապա՝ Գերմանիա, որտեղ ապաստան էր խնդրել: Նա անդամակցում է «Տաջիկստանի բարեփոխումներ և զարգացում» ընդդիմադիր շարժմանը, որը պայքարում է հանուն բարեփոխումների և Էմոմալի Ռահմոնի ռեժիմի փոփոխության: Ակտիվիստը սոցցանցերում քննադատում էր Տաջիկստանի կառավարությանը:
Այս տարվա հունիսի 8-ին Բոբոևին և նրա19-ամյա որդուն ձերբակալել են Կրայս Կլևե քաղաքում, և մինչև հուլիսի 1-ը նրանք պետք է հիմնավորեին Գերմանիայում բնակվելու իրենց իրավունքը: Չնայած տրամադրված ժամկետին և փաստաբանի փոխանցած՝ հայրենիքում հետապնդման վտանգի վերաբերյալ նյութերին, դատարանը արտաքսման որոշում է ընդունել:
Հունիսի 20-ին Բոբոևը զանգահարել է կնոջը և հայտնել, որ իրեն որդու հետ տարել են Մյունխեն ու պատրաստվում են նստեցնել Դուշանբե թռչող օդանավ: Տաջիկստան ժամանելուն պես, ուժայինները Բոբոևի որդուն հանձնել են տատին, իսկ իրեն տարել քննչական մեկուսարան:
Տաջիկստանցու կինը և երկու դուստրերը Գերմանիայում մնալու թույլտվություն են ստացել:
