Եվրոպական միությունը հոկտեմբերի կեսերին Կիևին լրացուցիչ ֆինանսավորում կհատկացնի անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար, սոցցանցում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Սա անհրաժեշտ է Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու և նրա օդային տարածքը պաշտպանելու համար», - ընդգծել է նա: Եվրոպացի պաշտոնյան, սակայն, չի նշել ֆինանսավորման կոնկրետ չափը կամ դրա աղբյուրները։
Ֆոն դեր Լայենը նաև նշել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կլինի այս շաբաթ կայանալիք Եվրոպական խորհրդի նիստի քննարկման գլխավոր թեման։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել գալիք տարվա ֆինանսավորման կարիքները և միջազգային նոր աջակցություն մոբիլիզացնելու ուղիները, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ լիովին աջակցում է հրադադարի վերաբերյալ Զելենսկիի կոչին, որը թույլ կտա պաշտպանել «Ուկրաինայի և Ռուսաստանի պարենի համաշխարհային մատակարարումները և էներգետիկ ենթակառուցվածքները»։
Պաշտոնյայի խոսքով՝ պատերազմը մտել է նոր, ավելի մռայլ փուլ։ Ռուսաստանը երկարատև պատերազմ է մղում մարտադաշտում և «հարվածում է քաղաքացիական բնակչությանը առաջնագծից շատ հեռու»,- հավելել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
ԵՄ-ն Կիևին ևս 2.9 մլրդ եվրո է հատկացրել
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 2-ին, Եվրոպական հանձնաժողովը հաստատել էր Կիևին 2.9 միլիարդ եվրո տրանշի հատկացումը Ukraine Facility ծրագրի շրջանակում, որը ստեղծվել է Ուկրաինային երկարաժամկետ ֆինանսական օգնություն տրամադրելու համար։
Բրյուսելը նշել էր, որ Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը նախատեսված է 2024-2027 թվականների համար և թույլ կտա ԵՄ-ին այդ ժամանակահատվածում Ուկրաինային տրամադրել մինչև 50 միլիարդ եվրո «կայուն և կանխատեսելի ֆինանսական օգնություն»։
Եվրոպական հանձնաժողովն ընդգծել էր, որ վճարումներն ուղղակիորեն կախված կլինեն Ուկրաինայի կողմից վերականգնման և բարեփոխումների կոնկրետ ծրագրի իրականացման, ինչպես նաև ժողովրդավարական մեխանիզմների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների աջակցության հետ։ Վճարումները կատարվում են եռամսյակը մեկ՝ նշված պայմաններին և դրույթներին համապատասխանության ստուգումից հետո։
