ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հաջողությամբ լոկալ հրադադար է ապահովել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Օլեշկի քաղաքում, հաղորդում է Սպիտակ տունը:
Հաղորդագրության համաձայն՝ թե՛ Մոսկվան և թե՛ Կիևը համաձայնել են ժամանակավորապես դադարեցնել ուկրաինական այդ քաղաքում ռազմական գործողությունները՝ թույլ տալու մարդասիրական օգնությանը տեղ հասնել և պատրաստել քաղաքացիական անձանց տարհանումը առանձնացված ապահով ուղով:
Հրադադարն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 29-ին:
«Իրավիճակը Օլեշկիում սոսկալի է: Օլեշկին ռազմաճակատային քաղաք է՝ աղետի եզրին: Օլեշկիում մնացող բնակչությունը բաղկացած է հիմնականում տարեցներից, որոնք բժշկական ուշադրության, դեղորայքի, սննդի և խմելու ջրի հրատապ կարիք ունեն», - հայտարարել է ԱՄՆ առաջին տիկինը, - «Օլեշկիի բնակիչները սահմանափակ էլեկտրականություն ունեն, շրջապատված են ականապատված ճանապարհներով և ենթարկվում են կանոնավոր ռազմական հարձակումների: Ակնհայտ էր, որ առանց իմ միջամտության քաղաք մարդասիրական օգնություն հասցնելը և տարեցների տարհանումը անհնար կլինեին»:
Ըստ Սպիտակ տան, Մելանյա Թրամփը և նրա ներկայացուցիչները աշխատել են ուղղակիորեն ռուսաստանյան և ուկրաինական ղեկավարությունների հետ՝ սահմանելու լոկալ հրադադարի պայմանները:
Օլեշկին Ուկրաինայի հարավում է` Խերսոնի մարզում, Դնեպրի՝ Խերսոն քաղաքի հանդիպակաց ափին: Պատերազմից առաջ քաղաքում շուրջ 24 հազար մարդ է ապրել: Այժմ այնտեղ մնում է, ըստ գնահատականների, 1700-2000 մարդ՝ հիմնականում տարեցներ, որոնք ի վիճակի չեն եղել հեռանալ, և մոտ հինգ տասնյակ երեխաներ:
