Երևանում մեկնարկել են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի աշխատանքները: COP 17-ի հիմնական թեմաներից են լինելու մինչև 2030 թվականը կենսաբազմազանության կորստի դեմ պայքարի համաշխարհային նպատակների իրականացման ընթացքն ու գործողությունների արագացումը:
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության հաղորդմամբ`համաժողովը ներառում է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նիստը (COP 17), ինչպես նաև Կենսաանվտանգության մասին Կարթագենայի և գենետիկական ռեսուրսների հասանելիության ու օգուտների բաշխման մասին Նագոյայի արձանագրությունների կողմերի հանդիպումները։
Քննարկումների հիմնական թեմաներից են կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ համաշխարհային առաջընթացի գնահատումը, ֆինանսավորման ավելացումը, միջազգային համագործակցության զարգացումը, կենսաանվտանգության ամրապնդումը և գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացվող օգուտների արդար բաշխումը։ Կքննարկվեն նաև կենսաբազմազանության պահպանության, դրա կայուն օգտագործման և կենսաբազմազանության կորստի պատճառների դեմ պայքարի վերաբերյալ որոշումներ։
Համաժողովի ընթացքում նախատեսվում է անդրադառնալ նաև բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների մասնակցության ընդլայնմանը, ինչպես նաև գիտության, ֆինանսական հատվածի, բիզնեսի, քաղաքների և երիտասարդության ներգրավմանը բնության պահպանության գործընթացներում։
COP 17-ի նախագահ, Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ Երևանում անհրաժեշտ է վերահաստատել բնության պահպանությանն ուղղված միջազգային հանձնառությունը և կենտրոնանալ դրա գործնական իրականացման վրա։
Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերը նշել է, որ Երևանի համաժողովի հիմնական նպատակը բնության պաշտպանությանն ուղղված գործողությունների արագացումն է։
Համաժողովն անցկացվում է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ընդունումից չորս տարի անց: ՄԱԿ-ի հրապարակած «Կենսաբազմազանության գործողությունների վիճակը» զեկույցի համաձայն՝ շրջանակի իրականացման գործում երկրները բավականին ակտիվ ներգրավվածություն են ցուցաբերում։ Կողմերի գրեթե 90 տոկոսը սահմանել է ազգային թիրախներ, ավելի քան 70 տոկոսը ներկայացրել է ազգային զեկույցներ, իսկ գործողություններ են իրականացվում բոլոր 23 թիրախների ուղղությամբ։ Այնուամենայնիվ, ըստ հրապարակման, իրականացվող միջոցառումները դեռևս բավարար չեն։
Համաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը:
