«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմինն ընտրել է այն 7 թիմակից-պատգամավորներին, որ ընդգրկվել են եկեղեցու իրավիճակը քննող խորհրդարանական հանձնաժողովում. պիտի քննեն եկեղեցական հարցերի շատ լայն շրջանակ՝ բարեվարքությունից մինչև փողեր ու գույք:
Իշխող թիմից շատերն են ցանկացել քննել եկեղեցու գործերը, բայց ընտրվել են քչերը:
Ի՞նչ սկզբունքով են ընտրվել հենց այս 7-ը
Ֆինանսական ակտիվների կառավարման մագիստրոս Էդուարդ Աղաջանյանն ասաց՝ ինքն օրինակ, գործընկերոջ հետ արդեն իսկ մի նախագծի վրա է աշխատում, որ եկեղեցուն է առնչվում, ուստի՝ հանձնաժողովում է։ «Առաքելական սուրբ եկեղեցու հաշվեկշռում գտնվող բոլոր գույքերը ազատված են հարկումից՝ անկախ նշանակությունից», - ասել է Աղաջանյանը։
Ճարտարագետ Տարոն Չախոյանն էլ ինքն իրեն առաջադրել է ու հաջողել․ «Հաշտ չեմ այն ամենի ինչի հետ, ինչ տեղի է ունենում եկեղեցում։ Բացառված չէ՝ հենց այս շաբաթ էլ առաջին նիստը սկսենք»։
Հավատալ Հիսուսին, ծայրից ծայր կարդացած լինել Աստվածաշունչը, վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ Մեծ Պահքը պահած լինել, աղոթել ամեն օր. սրանք էին Նիկոլ Փաշինյանի պահանջները, որ նա հրապարակեց ավելի քան մեկ տարի առաջ, երբ պատրաստվում էր եկեղեցու բարենորգման համակարգող խորհուրդ ձևավորել, արդյո՞ք հանձնաժողովականներին էլ ընտրել է այս չափորոշիչներով։
«Մասնագիտական աստվածաբանությունից, որպես էդպիսին, գիտելիքներ չունեմ։ Քննիչ հանձնաժողովում կան ներկայացուցիչներ, ովքեր ունեն այդ մասնագիտությունը և վստահ եմ՝ կարող են այդ բացը լրացնել»,- հայտարարել է Չախոյանը։
Պատգամավորի կարծիքով՝ պարտադիր չէ, որ իրենք այդ պահանջներին համապատասխանեն, իրենք բարեփոխող չեն, խնդիրներն են վեր հանելու,Չախոյանն ամենաշատը բարեվարքության հարցն է առաջ մղում․ «նորմա՞լ է՝ տվել է կուսակրոնության ուխտ և խախտել է այն»,- ասել է պատգամավորը։
Քննիչ հանձանժողովում ինչպե՞ս են պարզելու՝ Վեհափառը կուսակրոնության ուխտը խախտել է, թե ոչ, Չախոյանն ասաց՝ «ձևը կգտնենք»։
Ներեկեղացական խնդիրները քննարկող հանձնաժողովում մեկ աստվածաբան, այնուամենայնիվ, կա. Գոռ Արշակյանն այդ ֆակուլտետն է ավարտել, սակայն նրա կենսագրականից տեղեկանում ենք՝ մինչև պատգամավոր դառնալը, ջրօգտագործողների տարբեր ընկերություններում է աշխատել:
Մյուս անդամները՝ Արփի Դավոյանը մանկավարժ-հոգեբան է, տնտեսագետ Ծովինար Վարդանյանն է այստեղ և Ալխաս Ղազարյանը՝ ճարտարագետ-իրավագետ:
Արվեստաբան պատգամավոր Ռուզաննա Երեմյանը շատ կցանկանար անձամբ քննել եկեղեցու հարցերը, բայց նրան չեն ընտրել ու դա չի խանգարի նրան. «Ես սա համարում եմ իմ կյանքի գործը։ Շատ կարևորում եմ քննիչ հանձնաժողովի աշխատանքները, ակտիվ աշխատելու եմ՝ ի նպաստ հանձնաժողովի», - հայտարարել է պատգամավորը։
Երեմյանը կարծում է՝ քննիչ հանձնաժողովի նիստերը պիտի բաց անցկացվեն, թող մարդիկ էլ տեսնեն, լսեն. նա այս գործը բարենորոգում չի անվանի, դրանով, ասում է, զբաղվում են շարժմանը միացած հոգևորականները, բայց նրանցից մի քանիսի անուններն էլ կան կառավարության հրապարակած զեկույցում, որտեղ մամուլի հրապարակումների տարբեր տարիների ծաղկաքաղ է հոգևոր վերնախավին վերագրվող բազմազան մեղքերով։
Երեմյանը վստահ է՝ Վեհափառը կհեռանա վեհարանից և Նիկոլ Փաշինյանի՝ «դանդաղ տանջելու» մոտեցումը լիովին ընդունելի է Երեմյանի համար։
Օրենսդրական փոփոխություններ, եկեղեցական գույքի հարկման նոր կանոններ, հոգևոր վերնախավի կուսակրոնությանը հավատարմության ստուգումներ. քննիչ հանձնաժողովի օրակարգը պարզ է, բայց առայժմ չի ուրվագծվում հարցի պատասխանը՝ ինչպես է հեռանալու Ամենայն հայոց կաթողիկոսը։
Քննիչ հանձնաժողովի աշխատանքին ի սկզբանե խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել. անվանում են հակասահմանադրական գործընթաց, միջամտություն եկեղեցական ինքնավարությանը:
Ընդդիմադիրներից Արթուր Խաչատրյանը «քստմնելի գրոտեսկ» է անվանում այն, ինչ ըստ իշխանականների՝ եկեղեցու ճգնաժաամի հաղթահարում է:
