Ստեփանավանի տարածաշրջանում 14 մարդ է ձերբակալվել, «Ազատությանը» փոխանցեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակը։
«Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում», - հայտնեց խոսնակը՝ չբացահայտելով՝ ինչ քրեական գործի շրջանակում են իրականացվում խուզարկություններն ու ինչում են կասկածվում ձերբակալվածները։
Ավելի վաղ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ վաղ առավոտից Ստեփանավանի տարածաշրջանում համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են իրականացվում կուսակցության աջակիցների շրջանում։
Այս պահին իրավապահները Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական շտաբի մոտ են՝ խուզարկություն իրականացնելու նպատակով։ Գրասենյակը դեռ փակ է, այն բացվում է ժամը 10-ին, իսկ աշխատակիցները դեռ չեն ժամանել։ Իրավապահները սպասում են գրասենյակի բացվելուն՝ խուզարկությունը սկսելու համար։
Անդրանիկ Գևորգյանը «Ազատությանը» փոխանցեց, որ իրենք այս պահին գնում են գրասենյակ՝ պարզելու, թե ինչ է տեղի ունենում։ Նրա խոսքով՝ իրավապահներին հորդորել են չկոտրել դուռը՝ վստահեցնելով, որ իրենք կբացեն այն և հնարավորություն կտան իրականացնել նախատեսված գործողությունները։
Հոկտեմբերի 25-ին Ստեփանավանում ավագանու ընտրություններ են անցկացվելու։ Ընտրապայքարին մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Ուժեղ Հայաստանը»։
Երեկ «Ազատությունը» պատմել էր Ստեփանավանի մի քանի բնակիչների մասին, որոնք պնդում են, թե ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ին աջակցելու և «սխալ» քվեի պատճառով ստիպված են եղել աշխատանքից ազատման դիմումներ գրել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր այս պնդումներին՝ հայտարարելով, որ համապատասխան տեսչական մարմնին հանձնարարել է ուսումնասիրել դեպքերն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
