Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի՝ Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակում Երևանն ու Բիշքեկը մի շարք համաձայնագրեր են ստորագրել, այդ թվում՝ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, կենսաթոշակային ապահովության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Ժապարովն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով, որին հաջորդել է փաստաթղթերի ստորագրումը։
Փաշինյանը հանդիպմանը կարևորել է հատկապես տնտեսական կապերի զարգացումը՝ նշելով, որ տարածաշրջանում հաղորդուղիների հնարավոր բացումը կարող է համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել երկու երկրների համար։
«Կարծում եմ, որ մեր նախագծերն, ընդհանուր առմամբ, կարող են ինտեգրվել, քանի որ TRIPP նախագծի իրականացման և տարածաշրջանային զարգացումների արդյունքում, կարծում եմ, մոտ ապագայում մեր տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքները կբացվեն», - հայտարարել է վարչապետը։
Ղրղզստանի նախագահն իր հերթին պատմական է որակել Հայաստան կատարած այցը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն ակտիվացել է, սակայն տնտեսական համագործակցության ներուժը դեռ ամբողջությամբ օգտագործված չէ։
Բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Ժապարովը ողջունել է Հարավային Կովկասում «խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը»։
Այցի արդյունքներով ստորագրվել է նաև Հայաստանի և Ղրղզստանի համագործակցության 2027-2029 թվականների ճանապարհային քարտեզը։ Առանձին հուշագրով կողմերը պայմանավորվել են համագործակցել Սևանա և Իսսիկ-Կուլ լճերի պահպանության հարցերում։
Ստորագրված փաստաթղթերից մեկով էլ Երևանն ու Բիշքեկը դարձել են քույր քաղաքներ։
Փաստաթղթերի փոխանակումից հետո Փաշինյանն ու Ժապարովը ստորագրել են նաև համատեղ հայտարարություն։
