Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ըստ APA գործակալության՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։ Էրդողանը նաև Ալիևին հրավիրել է Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Անկարայի ու Բաքվի միջև վերջին շրջանում ծագած տարաձայնությունների ֆոնին։ Հենց այսօր Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ լրագրողների ու քաղաքական գործիչների, արգելել է մուտք գործել երկիր՝ նրանց մեղադրելով իշխանության բռնի տապալման կոչերի և կրոնական ատելություն հրահրելու մեջ։
Նախօրեին էլ Բաքուն Թուրքիայի յոթ քաղաքացու ձերբակալության օրդեր էր տվել։ Երկու երկրների միջև վեճեր էին ծագել նաև ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների և Ադրբեջանի՝ Իսրայելի հետ հարաբերությունների շուրջ։
