Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին, տեղեկությունը «Ազատությանը» հաստատել է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Euronews-ի կազմակերպած գագաթնաժողովի շրջանակում քաղաքական առաջնորդները, փորձագետներն ու պաշտոնյաները կքննարկեն ԵՄ ընդլայնման հեռանկարները, եվրոպական անվտանգությունն ու ռազմավարական ինքնավարությունը, տնտեսական հնարավորություններն ու մրցունակությունը, ժողովրդավարությունը, բարեփոխումները և անդամակցության ուղին:
Քննարկումների առանցքում կլինեն թեկնածու երկրների առաջընթացը, երկու կողմերից պահանջվող բարեփոխումները, պարտավորություններն ու ինստիտուցիոնալ փոփոխությունները, ինչպես նաև ընդլայնման ընձեռած տնտեսական հնարավորություններն ու դրա հետևանքները։
2025 թվականի մարտին Ազգային ժողովն ընդունեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը: Նիկոլ Փաշինյանը այս օգոստոսին հայտարարել է, որ Երևանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը:
Հոկտեմբերի սկզբին էլ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին: Եվրահանձնակատարի խոսքով՝ Հայաստանը «իսկապես շարժվում է Եվրամիության ուղղությամբ»։
