Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին, ով Բաքու է ժամանել՝ մասնակցելու Ասիայում Փոխգործողության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության (ԱՓՎՄԽ) 7-րդ գագաթնաժողովին:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այլ հարցերի թվում նախագահները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ:
Հերցոգը շնորհավորել է Ադրբեջանին ԱՓՎՄԽ-ում նախագահության կապակցությամբ:
ԱՓՎՄԽ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով արդեն Բաքու են ժամանել նաև Կատարի էմիր Շեյխ Թամին բեն Համադ ալ-Թանին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Չինաստանի արտգործնախարար Վան Յին, մի շարք այլ երկրների ղեկավար պաշտոնյաներ:
Ասիայում Փոխգործողության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության (ԱՓՎՄԽ) կազմում ընդգրկված է 28 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հնդկաստանը, Իսրայելը, Իրանը, Չինաստանը, Պակիստանը, Իրաքը:
Գագաթնաժողովին հրավիրված են նաև դիտորդներ՝ Բելառուսը, Ինդոնեզիան, Սաուդյան Արաբիան, Արաբական պետությունների լիգան, գործընկեր կազմակերպություններ:
ԱՓՎՄԽ նախագահն ընտրվում է երկու տարով՝ երկարաձգման հնարավորությամբ, գագաթնաժողովներն անցկացվում են չորս տարին մեկ: Նախագահող երկիրը 2024 թվականից Ադրբեջանն է:
