«Ռոսատոմ»-ը Հայաստանից դրական ազդակներ է ստանում նոր ներգաբլոկի կառուցման իր առաջարկի վերաբերյալ, այսօր հայտարարել է ռուսական պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը:
Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջերս Երևանում կայացած իր հանդիպման արդյունքները «հանրային մեծ դրական արձագանք են հարուցել»:
«Եվ բոլոր շփումները, որ մենք այսօր ունենում ենք, մեզ հասցնում են ազդակ հնարավորինս սեղմ ժամկետներում ВВЭР-1000 գիգավատտային կարգի բլոկ կառուցելու մեր առաջարկի ծայրաստիճան դրական ընկալման վերաբերյալ», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լիխաչյովը:
«Ռոսատոմ»-ի ղեկավարը սեպտեմբերի վերջին էր Երևանում, որտեղ լրագրողներին հայտնեց, որ Հայաստանին կոնկրետ առաջարկ է արել ВВЭР-1000 բլոկի կառուցման վերաբերյալ:
ВВЭР-1000-ը ջրով սառեցվող ջրային ռեակտոր է (Водо-водяной энергетический реактор)՝ 1000 ՄՎտ նոմինալ էլեկտրական հզորությամբ:
Լիխաչյովի այցից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարությունը փոխել է դիրքորոշումը ատոմակայանի հարցում և այլևս մոդուլային ատոմակայանով հետաքրքրված չէ: Նա չբացառեց, որ ամենատրամաբանական լուծումը լինի 1000 մեգավատանոց ատոմակայանի կառուցումը:
Հայաստանի նոր կառավարությունն իր ծրագրով պարտավորվել է մինչև 2027 թվականի ավարտը կողմնորոշվել նոր ատոմակայանի կառուցման տեխնոլոգիայի հարցում։
