Ստեփանավանում ընտրակաշառքի գործով ևս 10 հոգու են ձերբակալել: Երկու օր առաջ նույն գործով ձերբակալվել էին համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանն ու նրա 13 աջակիցները:
Հակակոռուպցիոն կոմիտեն կադրեր էր հրապարակել, որտեղ, ըստ իրավապահների, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գևորգյանը շտաբում գումար է բաժանում ու ցուցակագրումներ անում:
Ընդամենը չորս ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին «Ուժեղ Հայաստանը» Ստեփանավանում մի քանի ձայնով առաջ էր անցել իշխող ուժից: Այսօր իշխանությունը՝ հենվելով իրավապահների մեղադրանքի վրա, պնդում է՝ ընդդիմությունն առանց ապօրինի մեթոդների հաջողության հասնել չի կարող:
Ընդդիմությունն էլ հակադարձում է՝ մեղադրանքներն անհիմն են, իսկ իրենց հաղթանակը՝ անխուսափելի, անգամ թեկնածուի կալանավորված լինելու պայմաններում:
Ձերբակալությունների նախօրեին ստեփանավանցիները արձագանքել էին վարչապետի՝ քաղաքական ճնշումների վերաբերյալ «փաստեր ներկայացնելու» կոչին: Նրանք բարձրաձայնել էին, թե քաղաքական հայացքների համար զրկվել են աշխատանքից, թեև նաև պնդում էին, որ նախկինում քաղաքականության հետ չեն առնչվել:
Չսպասելով բողոքների վերաբերյալ տեսչական մարմնի եզրակացությանը՝ վարչապետը բողոքներից անմիջապես հետո արդեն կասկածի տակ էր դրել քաղաքական հետապնդման մասին ահազանգերը՝ հրապարակելով պաշտոնյաների բացատրագրերը, թե աշխատանքից ազատվածները թերացել են իրենց աշխատանքում: Փաշինյանն անգամ պնդեց, թե Մասիսում իշխանության եկած ընդդիմադիրներն են քաղաքական շարժառիթներով վարչական շրջաններից մեկի ղեկավարին աշխատանքից ազատել:
Այսօր Հայաստանում ավարտվում է տեղական ընտրությունների նախընտրական քարոզարշավը. կիրակի 10 մարզերի 21 համայնքների բնակիչները կգնան ընտրատեղամասեր: Աշնանային այս ընտրափուլն ունի երկու ծայրահեղ դրսևորում. մի կողմից՝ թեժ պայքար Ստեփանավանում, Մեղրիում, Մարտունիում, Արթիկում, ու նաև Արտաշատում, մյուս կողմից՝ փաստացի զրո մրցակցություն Արմավիրում, Գառնիում և Վայքում, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» քվեաթերթիկում միայնակ է:
Այս քարոզարշավի ամենամեծ ստվերներից մեկը դարձավ դեմառդեմ բանավեճի սակավությունը. Գավառում, Իջևանում և Հրազդանում ՔՊ-ական թեկնածուները խուսափեցին Հանրայինի եթերից, իսկ Դիլիջանի գործող քաղաքապետը չգնաց «Տավուշ ՏՎ»-ի տաղավար:
Այսպիսով, մեկնարկում է լռության օրը, սակայն գլխավոր հարցականը մնում է Ստեփանավանում. արդյոք ընտրակաշառքի մեղադրանքով ձերբակալությունների այս շղթան կմտափոխի՞ ընդդիմության ընտրողներին, թե՞ հակառակ ազդեցություն կունենա քվեարկության վերջնական արդյունքների վրա:
«Ականատես» դիտորդական առաքելությունը բարեգործության արգելքի խախտման դեպքեր է արձանագրել
Քարոզարշավի վերջին օրը «Ականատես» դիտորդական առաքելությունը Ստեփանավանի ընտրություններում բարեգործության արգելքի առերևույթ խախտման դեպքեր է արձանագրել:
Մասնավորապես միավորվող երկու համայնքների գործող ղեկավարները՝ մի դեպքում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արայիկ Ներսիսյանը, մյուս դեպքում՝ «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը ուսուցչի օրվա առիթով մանկավարժներին հյուրասիրել և ծաղիկներ են նվիրել:
Լոռի Բերդի դպրոցներից մեկի աշխատակիցները դիտորդներին փոխանցել են, որ «նախկինում նման նախաձեռնություն չի եղել»։ «Ուշագրավ է, որ նվերներ են տրամադրվել նաև Գյուլագարակի դպրոցներին, որոնք ներկայիս Լոռի Բերդ համայնքի վարչական սահմաններում չեն, բայց ընդգրկված են առաջիկա ընտրություններով ձևավորվող խոշորացվող Ստեփանավանի կազմում», - նշել են դիտորդները:
