Դատարանն այսօր կքննի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի երկարաձգման հարցը:
Ինչի՞ համար են մեղադրվում նախկին նախագահն ու որդին
Ռոբերտ Քոչարյանն այս գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորված է նաև նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
Նրանք կալանքի տակ են արդեն երկու ամիս: Նախկին նախագահը մեղադրյալ է նաև Մարտի 1-ի գործով, մեղքը չի ընդունում: Նախկին նախագահը 2018-ից հետո 4-րդ անգամ է կալանավորվել, վերջինի նախօրեին սրտի վիրահատություն էր տարել:
Քոչարյանները գործը քաղաքական հետապնդում են համարում, վարչապետ Փաշինյանն ասում է՝ նրանք պետք է արդարադատության առաջ կանգնեն ապօրինի հարստանալու համար:
Հակակոռուպցիոն կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան Քոչարյանի կալանավորումից հետո Հանրայինի եթերում վստահեցրել էր, թե վարչապետի ցուցումով չեն կալանավորել հայր ու որդի Քոչարյաններին, ընդգծել՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի զգուշացումները ոչ մի կապ չունեն իրենց վարույթի հետ:
Նրանց ձերբակալումից մեկ օր առաջ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը վիրավորական որակումներ էր հնչեցրել Փաշինյանի հասցեին, ինչին ի պատասխան վարչապետը սպառնացել էր՝ դատելու է: Վարչապետը մասնավորապես ասել էր. - «Ես, այո, Ձեզ դատում եմ, և ես Ձեզ դատելու եմ և պատրաստ եմ նույն դատով դատվել։ Շնորհակալ եմ»։
Հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Դավիթ Կոստանդյանը պնդել էր, թե Քոչարյաններին վերագրվող քրեական վարույթի վրա սկսել են աշխատել դեռ 2024-ից: Հայտնել, որ 70 հատորից բաղկացած բազմադրվագ այս գործի վրա միանգամից 60 քննիչ է աշխատում. քննության առարկա են «մի քանի տասնյակ անշարժ գույքերի մասնավորեցման գործընթացում թույլ տրված չարաշահումներ, միլիարդավոր դրամների փոխանցումներ»:
Ինչ վերաբերում է օգոստոսի 25-ին Քոչարյանների հետ փոխկապակցված 35-ից ավելի հասցեներում իրականացված խուզարկություններին, ապա, ըստ Կոստանդյանի, դրա վերաբերյալ միջնորդությունը դատարան էին ներկայացրել դեռ օգոստոսի 21-ին, մինչդեռ Փաշինյանի ելույթը օգոստոսի 24-ին էր:
Քոչարյանների կալանավորումից հետո վարչապետն էր պնդել, թե չկա տեսական հնարավորություն, որ մարդը տասը տարի երկրի ղեկավար լինի և միլիոնատեր դառնա:
Ի՞նչ գույքերի մասին է խոսքը
Իրավապահները պնդում են, որ Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության ընթացքում իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Այս գործի շրջանակում հիշատակվում են Play City-ին, Orange Fitness-ը, «Պիացցա Գրանդե»-ն, Toyota -ն, «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրը, «Կասկադ» համալիրի ձախակողմյան հատվածում գտնվող 2 հա հողամասը և այլ ընկերություններ։ Դրանք իրավապահները կապարակնքել են ու փակել։
Ըստ մեղադրանքի, Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցին պատկանող հողատարածքն ու դրա վրա գտնվող 1700 քմ շինությունը ձեռք են բերվել ավելի քան 12 միլիոն դրամով։ Տարածքում 2008 թվականին կառուցվել է «Օրանժ Ֆիտնես» պրեմիում ակումբը, իսկ գույքի սեփականատեր ընկերության 50 տոկոս բաժնեմասը 2009 թվականին ձևական գործարքով գրանցվել է նախկին նախագահի որդու հիմնադրած ընկերության անվամբ:
Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող 8,3 հա հողամասը ձեռք է բերվել ավելի քան 44 միլիոն դրամով: Այնտեղ 2002-ին կառուցվել է «Փլեյ Սիթի» ժամանցային կենտրոնը, իսկ երկու տարի անց՝ 2004 թվականին գույքի սեփականատեր «Ֆաստ քարթ» ընկերության 50 տոկոս բաժնեմասը նվիրատվությամբ փոխանցվել և գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։
«Կասկադ» համալիրի ձախակողմյան հատվածում գտնվող 2 հա հողամասը ձեռք է բերվել շուրջ 40 միլիոն դրամով: Ըստ իրավապահների, այն հետագայում փոխանակվել է Երևանի առավել բարենպաստ հատվածում գտնվող՝ պետությանը պատկանող նույն մակերեսով այլ հողամասի հետ, որն այնուհետև օտարվել է ավելի քան 1 միլիարդ դրամով։
Մայրաքաղաքի Պարոնյան 8 հասցեի շենքը ձեռք է բերվել 40 միլիոն դրամով, որտեղ հետագայում կառուցված բազմաբնակարան շենքի 331 միլիոն դրամ շուկայական արժեքով, 600 քմ ընդհանուր մակերեսով հասարակական տարածքներն ու երկու ավտոկայանատեղիները ձևական առուվաճառքի գործարքներով գրանցվել են նախկին նախագահի որդու անվամբ։
Ըստ իրավապահների, մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան 20 հասցեում գտնվող
պատմամշակութային հուշարձան հանդիսացող Սպայի տան շենքը և Նալբանդյան 16 հասցեի կիսակառույց շինությունը օրենքի խախտմամբ պետական սեփականությունից դուրս է բերվել և «Պիացցա Գռանդե» ընկերությանն օտարելու գործընթացը կազմակերպելու դիմաց Ռոբերտ Քոչարյանին փոխանցվել է ավելի քան երկու միլիարդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք: Եվ դրանց իրական ծագումն ու պատկանելությունը քողարկելու նպատակով այդ գույքերը ձևական առուվաճառքի պայմանագրերով գրանցվել են նախկին նախագահի ընտանիքի անդամների և նրանց հետ փոխկապակցված կազմակերպությունների անուններով։
Մեկ այլ դրվագով՝ պաշտպանության նախարարությանը պատկանող Ծովակալ Իսակովի պողոտայի 22 և 22/4 հասցեներում գտնվող, այդ թվում՝ գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողամասերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է ավելի քան 1 միլիարդ դրամ, մինչդեռ՝ դրանք նախկին նախագահի հետ մտերիմ անձին պատկանող ընկերությանը վաճառվել են չորս անգամ ավելի ցածր արժեքով։ Ըստ քննության տվյալների՝ հողամասերն անհամեմատ ցածր գնով վաճառելու և Հայաստանում ճապոնական «Տոյոտա» ընկերության ներկայացուցչության անխոչընդոտ հիմնադրումն ապահովելու դիմաց 2006 թվականին Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է «Տոյոտա Երևան» ընկերության 30 տոկոս բաժնեմասը: Ըստ հակակոռուպցիոնի, այս հանցավոր ծագումը քողարկելու նպատակով այն ձևական առուվաճառքի պայմանագրերով գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։
Այս վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:
