ՆԱՏՕ-ն պատրաստ է հակահարված տալ Ռուսաստանի ցանկացած հարձակման, հայտարարել է դաշինքի՝ Եվրոպայում միացյալ ուժերի գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը Վարշավայի անվտանգության համաժողովում։
Ըստ The Wall Street Journal-ի՝ Գրինկևիչը ներկայացրել է Ռուսաստանի հնարավոր հարձակումը կանխելու ծրագիր, որը նախատեսում է ՆԱՏՕ-ի արևելյան սահմանների պաշտպանությունն ուժեղացնել անօդաչուներով և ցամաքային ռոբոտներով։ Դրանց միջոցով նախատեսվում է կասեցնել ռուսական ուժերի առաջխաղացումը՝ նվազեցնելով դաշինքի զինծառայողների կորուստները։
Հնարավոր հարձակման դեպքում նախատեսվում է նաև հեռահար հրթիռներով հարվածել Կալինինգրադում, Սանկտ Պետերբուրգի մերձակայքում և Բելառուսում գտնվող ռուսական հրամանատարական կետերին ու հակաօդային պաշտպանության համակարգերին։
Գրինկևիչի խոսքով՝ Ռուսաստանի հետ ռազմական բախման անմիջական վտանգ չկա, սակայն ՆԱՏՕ-ն պատրաստ է հակահարված տալ, եթե Ռուսաստանը հարձակվի դաշինքի անդամ որևէ երկրի վրա։
