Ազգային ժողովն այսօր կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպման վերաբերյալ համաձայնագրի վավերացումը:
Ընդդիմադիր պատգամավորները քննադատում են համաձայնագիրն այսքան սեղմ ժամկետում քննարկելու և վավերացնելու որոշումը։ Նրանք նաև պնդում են, թե իշխանությունը համաժողովի կազմակերպման համար չարդարացված ծախսեր է անում:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն իր ելույթում իշխանությանը մեղադրեց նաև բնապահպական «տարրական խնդիրները չլուծելու» համար և առաջարկեց. - «Ես առաջարկում եմ, որ COP17 կենսաբազմազանության համաժողովը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Ազգային ժողովի ՔՊ-ական փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն հակադարձեց ընդդիմադիրներին՝ պնդելով, որ նրանց խնդիրը ոչ թե COP17-ի կազմակերպման ծախսերն են, այլ Հայաստանի պետականությունը։
«Ձեր ընկալմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը մաքսիմումը կարող է կազմակերպել «Հայաստան-Կալուգա բիզնես ֆորում»՝ լավագույն դեպքում»,-հայտարարեց Ալեքսանյանը՝ նկատի ունենալով հանգամանքը, որ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը իր բիզնես գործունեությունը սկսել է Ռուսաստանի Կալուգայի մարզու:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հակադարձեց՝ տարակուսելով, թե ինչու է իշխանությունը ծախսերի վերաբերյալ կոնկրետ թվեր ներկայացնելու փոխարեն կրկին Կալուգայից խոսում։
«Պարոն Ալեքսանյան, շա՞տ եք ուզում գնալ Կալուգա, տոմս առնենք, թռեք, տեսեք՝ ինչ կա։ Մենք հարց ենք տալիս՝ ինչքա՞ն է տվյալ միջոցառումն արժեցել պետական բյուջեի վրա», - հայտարարեց նա։
Ըստ այսօր քննարկվող համաձայնագրի՝ Հայաստանի կառավարությունը մոտ 2 միլիոն 166 հազար դոլար է հատկացրել Երևանում COP-17-ի անցկացման համար:
Արտահերթ նիստի օրակարգում նաև Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու հարցն է:
Այս համաձայնագրով էլ Հայաստանի կառավարությունը 284.4 միլիոն դոլարի վարկ է վերցնում միջազգային բանկից՝ «տեղահանված արցախցիների բնակարանային լուծումների բարելավման համար»:
