Մեկ տարի է՝ ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին ոչ մի միջազգային կառույցի ներկայացուցիչ չի հանդիպել: Նրանց մասին տեղեկությունը միայն ադրբեջանական աղբյուրներից է: Եվ պարզ չէ՝ Հայաստանի կառավարությունը բավարար ջանքեր գործադրո՞ւմ է, որ հյուպատոսական այց լինի, թե՞ ոչ, երրորդ երկրի ներկայացուցիչը Բաքվում այցելի նրանց: Այս մասին հայ գերիներին առնչվող խնդիրների, նրանց ազատ արձակելու հարցերով համաժողովում շեշտեց միջազգային ատյաններում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:
«Տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատում է երրորդ պետություններին դիմելու հանգամանքը, բայց մերժում է, որ երրորդ պետությունները տվել են իրենց համաձայնությունը: Կարծես թե Ադրբեջանի պատասխանատվությունից գնում ենք երրորդ երկրների պատասխանատվություն և ուզում ենք ընդունել այն ցավալի իրողությունը, որ այս երկրագնդի վրա չի հայտնաբերվել մի երկիր, որն ունի մարդասիրական դեմք ու Հայաստանի Հանրապետության հետ ձևավերված այնպիսի հարաբերություններ, որոնց շրջանակում կստանձներ Հայաստանի անունից ՀՀ քաղաքացիներին տեսակցելու կարևոր մարդասիրական առաքելությունը», - նշեց Սահակյանը:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր լրագրողների հետ զրույցում առանց երկրների անունները նշելու, ասաց, թե հայկական կողմը դիմել է ու դրական պատասխան չի ստացել:
Բայց ո՞ր երկրին են դիմել, հարցնում է Սիրանուշ Սահակյանը: Մե՞կ երկրի, թե՞ մի քանիսին միաժամանակ, ոչ մի մանրամասն չեն հրապարակում: Եվ ո՞ր երկիրն է, որ մարդասիրական աջակցության հարցում Հայաստանին դժվարանում է պատասխանել կամ մերժել: Առնվազն այսքանից հետո կասկածներ են ծագում՝ արդյոք արդյունավետ քայլերո՞վ են շարժվել: Օրինակ՝ քաղաքացիական հասարակության կառույցների ջանքերով անցած տարի Շվեյցարիան հաստատել է, որ պատրաստակամ է այդ առաքելությունն իրականացնել: Հայաստանը դիմե՞լ է Շվեյցարիային, հարցնում է հայ գերիների ներկայացուցիչը:
Ի՞նչ կփոխվի ՄԻԵԴ-ի որոշումներից հետո, եթե դրանք լինեն հայերի օգտին
Ադրբեջանում պահվող բոլոր հայերի հարցով Սիրանուշ Սահակյանը գանգատներ ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ի՞նչ կփոխվի միջազգային դատարանի որոշումներից հետո, եթե դրանք լինեն հայերի օգտին: Արդյոք Ադրբեջանը կատարելո՞ւ է դրանք, հատկապես որ առաջատար է ՄԻԵԴ որոշումները չկատարելու հարցում: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պնդում է, որ անկախ այդ ամենից այդ հարթակներում կայացրած որոշումները զսպող նշանակություն ունեն:
«Իմ աշխատանքի ժամանակ շատ էի հանդիպում իրավիճակների, երբ հարց էին տալիս՝ արդյոք այդ որոշումները նշանակություն ունե՞ն, եթե Ադրբեջանը դրանց չի արձագանքում: Ես կարծում եմ՝ դրանք կարևոր են, ու այդ ակտիվ արձագանքն ու միանգամից վարքագծի կտրուկ փոփոխություն ակնկալելը միամտության նման բան է: Վստահ եմ, որ վարքագծի կտրուկ փոփոխության բացակայության պայմաններում նույնիսկ այդ դատական որոշումներն ունեն իրենց հստակ ազդեցությունը», - նշեց Կիրակոսյանը:
Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի նախկին ներկայացուցչի՝ Հայաստանը պետք է հետամուտ լինի, ստիպի, որ միջազգային ատյանների այդ վերահսկող գործիքները, լծակները աշխատեն:
Հայ գերիների վերադարձի հարցը հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված պայմանագրում չներառվեց: Վարչապետ Փաշինյանը վստահեցնում է, թե այդ հարցը մշտապես իրենց օրակարգում է:
Ադրբեջանական բանտերում պաշտոնական տվյալներով 19 հայ կա: Նրանք դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման: Արցախի նախկին պաշտոնյաները՝ Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Մանուկյանը ուղերձներ են հղել ու պատմել շինծու մեղադրանքների, իրենց իրավունքների կոպիտ խախտումների մասին:
