Ստեփանավանցի Արա Բաղդասարյանին նախկին իշխանությունները հեռացրել էին աշխատանքից, հեղափոխությունից հետո նորերը՝ վերադարձրել։ Բայց, նրա պնդմամբ, այս տարիներին փոխվել է իշխանությունը, ոչ՝ ձեռագիրը․ հիմա էլ նորերն են նրան պատժել «սխալ» քվեի համար։
«Ինձ տնօրենն ասաց՝ «ո՞ւմ եք ընտրել», ասացի՝ Կարապետյանին, ասաց՝ «վայ», ասացի՝ ի՞նչ եղավ, ասաց՝ «չէ, Դուք լավ աշխատող եք, չեմ ուզում դուրս գանք, բերեք ասենք, որ չեք ընտրել Կարապետյանին», ասացի՝ չէ, ես խոսքիս տերն եմ», - ասաց Բաղդասարյանը:
Կենսաթոշակառու տղամարդը պնդում է՝ տասը տարի առաջ՝ 2016-ին, հրաժարվել է ընտրակաշառքից, արդյունքում՝ կորցրել մշակույթի տան պահեստապետի աշխատանքը։ Թավշյա հեղափոխությունից հետո նրան պատվով ետ են կանչել՝ նույն գործին։ Տարիներ անց, սակայն, պատմությունը գրեթե կրկնվել է։ Այս անգամ արդեն նոր իշխանության օրոք տնօրենը ճշտել է՝ արդյոք քվեախցիկում «ճի՞շտ» քվեարկություն է արել, ինչին անմիջապես հաջորդել է ազատման դիմումը:
«Ինձ ասացին, որ քաղաքապետն ասել է, ով ՔՊ-ական չի ընտրել, թող դիմում գրի դուրս գա, ես էլ դիմում գրեցի դուրս եկա», - պատմեց նա:
Արա Բաղդասարյանը ոչ մի տարբերություն չի տեսնում. նախկինում ընտրակաշառքն էր, հիմա՝ քաղաքական պարտադրանքը։ Այժմ թոշակի անցած՝ տանն է, բայց խիղճը հանգիստ՝ այլևս ոչ ոք իրեն լռեցնել չի կարող:
Խորհրդարանական ընտրությունները ճակատագրական եղան նաև 40 տարվա բուժքույր, ստեփանավանցի Մանուշ Լալազարյանի ու նրա հարսի համար։ Պնդում են՝ քվեարկությունից ընդամենը չորս օր անց պոլիկլինիկայի տնօրենն ու փոխտնօրենը նրանց հարկադրել են ազատման դիմում գրել. պատճառը ընտանիքի տղամարդկանց սխալ քաղաքական հասցեն էր՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության շտաբը։
Նախկին բուժքույրը պնդում է, որ քաղաքական զգուշացումը դեռ ընտրություններից առաջ էր եղել՝ մի նկատողություն էլ, ու երկուսով հայտնվելու են դրսում. «Դրանից հետո մի ամիս անցավ, էդ մի ամիսն անընդհատ ինձ տանջամահ արեցին»:
Ստեփանավանցի մեկ այլ ընտանիքում էլ, ըստ հոր, քաղաքական գործունեության համար պատասխան է պահանջվել ոչ թե իրենից, այլ զինծառայող որդուց։ Վանաձորի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողին կանչել են ղեկավարության մոտ՝ «քաղաքական հաշվետվության», քանի որ հայրը՝ Սամվել Հովհաննիսյանը, միացել է ընդդիմությանը:
Սկզբում հրաժարվել է դիմում գրել, հետո հայրը մտափոխվել է ու հորդորել որդուն զենքը վայր դնել. «Ամեն դռները փակվել են մեր դեմը, նրա համար, որ ես գտնվում եմ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում»:
Փաշինյանի արձագանքը
Մինչ գործազուրկ դարձած ընդդիմադիրները պնդում են, որ սեփական ձեռքով գրված դիմումների հետևում սպառնալիքներն են, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում այսօր իրար հետևից գրառումներ էր անում՝ արձագանքելով այս մասին պնդումներին։ Նախ կոչ արեց անձնական նամակներով իրեն հայտնել ճնշումների մասին, հետո հայտարարեց, թե տեսչական մարմնին հանձնարարել է պատժել մեղավորներին:
Քիչ անց էլ առաջարկեց ընտրություններում ապօրինի լծակներ կիրառողներին դեմ քվեարկել: Հետո ավելի հեռուն գնաց, թե բողոքի ակցիաներ արեք։
Քաղաքացիները երկմտում են
Աշխատանքից ազատվածներն արդեն տեսչականից զանգեր են ստացել, մասնագետները նաև հիմնարկներ են այցելել։ Սակայն թիրախում հայտնված քաղաքացիները երկմտում են․ արդյոք սա ձևական քայլ չէ՞, ու գործը չի՞ փակվի «սեփական դիմումի համաձայն» ձևակերպման տակ։
Կասկածներն ավելի խորացան, երբ երեկոյան վարչապետն անձամբ հրապարակեց Ստեփանավանի ԲԿ տնօրենի պարզաբանումը, թե տեսախցիկներով պարզել են՝ Մանուշակ Լալազարյանի փոխարեն աշխատաժամանակի հաշվառման մատյանում հարսն է ստորագրել։
Նախկին բուժքույրը հակադարձում է՝ ակնոցը ձեռքին չի եղել, խնդրել է հարսին ստորագրել իր փոխարեն: Միաժամանակ պնդում է, թե տեսախցիկները նաև պիտի ֆիքսեին, որ ինքն այդ պահին կողքին է եղել ու առանց ուշացման անցել աշխատանքի։
Նախկին աշխատակիցը պնդում է՝ իր 40 տարվա անբասիր աշխատանքից հետո տնօրենն ամենևին տեսախցիկների կադրերը չէր պրպտի, եթե ընտանիքի քաղաքական հայացքները նրանց չանհանգստացնեին:
