Պաշտոնական Վաշինգտոնը կշարունակի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ դնելու ջանքերը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Այսօր Սամարղանդում լրագրողների հետ զրույցում Ռուբիոն ընդգծել է, որ հակամարտությունը երկու երկրներից այն կողմ տարածվելու սպառնալիք է պարունակում:
Պետքարտուղարը պաշտպանել է Մոսկվայի և Կիևի հետ բանակցությունների` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ձգտումը, ընդունել է սահմանափակ առաջընթացը և հայտարարել, որ Վաշինգտոնը բաց է կարգավորման հասնելու ցանկացած հնարավորության համար:
«Ոչ ոք չի հաղթում այդ պատերազմում: Ամեն օր մարդիկ են մահանում: Ամեն օր ինչ-որ բաներ են պայթեցվում: Ամեն օր ինչ-որ բաներ են ոչնչացվում», - ընդգծել է Ռուբիոն:
Պետքարտուղարը նաև պաշտպանել է որոշ պատժամիջոցներ 60 օրով առկախելու՝ ԱՄՆ վարչակազմի որոշումը, հայտարարելով, որ դրա նպատակն է արդյունք բերելու հնարավորություն տալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններին:
Ռուբիոն հղում է արել Թրամփի քանիցս արած պնդումներին, որ պատերազմում ամեն ամիս շուրջ 25 հազար մարդ է զոհվում:
Պետքարտուղարը զգուշացրել է, որ պատերազմը հղի է Ուկրաինայից և Ռուսաստանից դուրս տարածվելու վտանգով՝ հատկապես Արևելյան Եվրոպայի համար:
