Այսօր Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում ցուցարարներ են հավաքվել՝ 70 հազար ոստիկանների հսկողության ներքո, հայտնում է Reuters-ը։
Ներքին գործերի նախարար Լորան Նյունեսի խոսքով՝ մինչև կեսօր երկրի ամբողջ տարածքում ձերբակալվել էր 135 մարդ։ Նրանցից շատերը ձերբակալվել էին կանխարգելիչ խուզարկություններից հետո, որոնց ընթացքում հայտնաբերվել էին հրավառության միջոցներ, մետաղական գնդիկներ և այլ առարկաներ, որոնք կարող էին օգտագործվել որպես զենք։
«Մենք պետք է չափազանց արագ և կտրուկ արձագանքենք։ Քաղաքական խմբավորումների, ինչպես նաև պարզապես հանցագործների կողմից հնչում են կոչեր՝ իրավիճակն ապակայունացնելու վերաբերյալ», - ասել է նա լրագրողներին։
Թեև Փարիզում նախատեսված գլխավոր երթը մեկնարկել է խաղաղ մթնոլորտում, Reuters-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի երրորդ խոշորագույն քաղաքում՝ Լիոնում, ոստիկանությունը ցուցարարների ուղղությամբ արցունքաբեր գազ է կիրառել։
Կառավարությունը հոկտեմբերի 17-ի համեմատ 10 հազարով ավելի շատ ոստիկան և ժանդարմ է ներգրավել։ Հենց այդ օրը թանկացման և հանրային ծառայությունների վատթարացման դեմ բողոքի ակցիաները վերածվեցին վերջին տարիների ամենալուրջ անկարգությունների Ֆրանսիայում։
