Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի հերքում Տավուշում ադրբեջանցի հովիվի հայտնվելու մասին տեղեկությունները:
«Իրենց կողմից էլ կարող են մոլորվել, մեր կողմից էլ: Նման բաներից խուսափել հնարավոր չէ: Վայ էն քաղաքական ուժին, ով մտածում է, որ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է», - այսօր Ազգային ժողովում հայտարարեց Միրզոյանը:
Այսօր ավելի վաղ «5-րդ ալիքն» էր գրել, թե ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը, նրան հայտնաբերել են, և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է:
Պետական իրավասու կառույցները՝ Ազգային անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունն առայժմ պարզաբանում չեն տվել դեպքի մասին, բայց և ժամեր շարունակ չեն հերքել տեղեկությունը: Տավուշի մարզի համայնքապետերից ոմանք «Ազատությանն» ասել են, որ դեպքի մասին իրենք էլ են լսել:
Ընդգծելով, որ նման դեպքեր լինում են, այսօր արտգործնախարար Միրզոյանը շեշտեց՝ «փառք Աստծո, երկու կողմերն էլ կառուցողական մոտեցում են ցուցաբերում, օգնում են, վերադարձնում են»:
