Այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր չեն արձանագրվել. սա է փաստում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եռամսյակային զեկույցը:
«Այսպիսի եռամսյակներ շատ քիչ են լինում, բացի այդ, այս տարվա ընթացքում նկատվում է այս խախտումների նվազում», - Հայաստանում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ 2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ներկայացնելիս՝ այսօր ասաց կազմակերպության նախագահ Աշոտ Մելիքյանը:
Այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակներում գրանցվել էին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության մեկական դեպքեր:
Միաժամանակ, Աշոտ Մելիքյանի խոսքով, նվազել են լրագրողների նկատմամբ ճնշման այլ դրսևորումները։ Եթե երկրորդ եռամսյակում արձանագրվել էր 31 նման դեպք, ապա երրորդ եռամսյակում դրանց թիվը կազմել է 20։
«Կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն»
Այնուամենայնիվ, ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի, կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Մելիքյանը, մասնավորապես, առանձնացրեց 9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի նախաշեմին ընդունված որոշումը՝ «ԱԺ շենքում և տարածքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին»: Ըստ նրա, դա նախատեսում է գրեթե նույն սահմանափակումները, ինչ 2021 թվականին կիրառված սահմանափակումները:
2021-ի Oգոստոսի 2-ին 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը զուգորդվել էր խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի սահմանափակումներով: Լրագրողներին ու օպերատորներին չէին թույլատրվել մտնել նոր մասնաշենք, ուր տեղի են ունենում հանձնաժողովների նիստերը, նրանք չէին կարողացել անցնել այն հատված, որտեղ գտնվում են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների աշխատասենյակները, ինչպես նաև՝ օգտվել որոշ նախասրահներից, որտեղ սովորաբար հարցազրույցներ ու մեկնաբանություններ էին վերցնում պատգամավորներից:
Հայաստանի մեկ տասնյակից ավելի լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններ դատապարտում էին Ազգային ժողովում լրագրողների նկատմամբ օգոստոսի 2-ից կիրառվող սահմանափակումները՝ կոչ անելով վերացնել դրանք:
«Մենք տեսանք, որ դա գրեթե նույն սահմանափակումներն է նախատեսում: Այդտեղ այնուամենայնիվ մի պարբերույթուն կա, ըստ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների անկեղծ խոստովանությունների, այդ արգելքները, որոնք նախատեսում է այդ որոշումը, դե ֆակտո չեն գործում, լրագրողներից շատերն ասում են, որ հիմա աշխատում են այնպես, ինչպես նախկինում», - նշեց Մելիքյանը՝ միաժամանակ նշելով, որ քանի որ կարգը դե յուրե գոյություն ունի, ամեն դեպքում կա նաև դրա կիրառման ռիսկ:
Դատական ակտեր
Չնայած 3-րդ եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի բացակայությանը և ճնշումների նվազմանը՝ ըստ Աշոտ Մելիքյանի, շարունակում են մտահոգիչ մնալ լրագրողների ու լրատվամիջոցների դեմ ներկայացվող դատական հայցերը։
Մելիքյանի խոսքով՝ երրորդ եռամսյակում լրագրողների և լրատվամիջոցների դեմ ավելի շատ դատական հայց է ներկայացվել, քան առաջին և երկրորդ եռամսյակներում։ Ընդհանուր առմամբ՝ այս տարվա ընթացքում դրանց թիվը հասել է 44-ի։ Նախորդ տարվա առաջին ինը ամիսներին գրանցվել էր 45 դատական հայց։
«Խնդրահարույց է, որ այս տարի դրա թիվը կարող է հասնել անցած տարվա գրեթե ռեկորդային ցուցանիշին»,– նշել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։
Եվրոպայի խորհրդի և խորհրդի գործընկեր կազմակերպության՝ «Լրագրողների անվտանգության պլատֆորմի» մարտին հրապարակված տարեկան զեկույցում Հայաստանն առաջին անգամ լրագրողներին բանտարկող պետությունների ցանկում է հայտնվել։ Ըստ այս փաստաթղթի՝ Հայաստանից բացի, ազատազրկված լրագրողներ կան Եվրոպայի խորհրդի այլ պետություններում՝ Թուրքիայում, Ադրբեջանում ու Վրաստանում: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարը ասել էր, որ այս ցանկում հայտնվելը Հայաստանի վարկանիշի վրա բացասաբար է ազդում:
