Կանադայում Հայաստանը կունենա ռազմական կցորդ. որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 15-ի նիստի օրակարգում։
Ըստ որոշման հիմնավորման, «ՀՀ ռազմական կցորդը կխթանի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու, առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունները»։
Կառավարության գնահատմամբ՝ ներկայում պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը կարող է ընդգրկել հրահանգիչների պատրաստության, միջազգային խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցության, կին զինծառայողների իրավունքների պաշտպանության, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության ոլորտները։
Ըստ որոշման հիմնավորման՝ Հայաստանն ու Կանադան նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ու ռազմատեխնիկական բնագավառում հարաբերությունների հետագա զարգացման զգալի ներուժ ունեն։
Նախատեսվում է, որ Կանադայում ռազմական կցորդը իր պարտականությունների կատարմանը կանցնի 2027-ի հունվարի 1-ից՝ Կանադայի արտգործնախարարությունից համապատասխան համաձայնությունը ստանալուց հետո։
2023-ից սկսած Հայաստանը ռազմական կցորդներ նշանակեց մի շարք արևմտյան երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Լեհաստանում, Կիպրոսում, Լիբանանում։ 2023-ից Հայաստանը ռազմական կցորդի հաստիք սահմանեց Հնդկաստանում, իսկ անցյալ տարի էլ Ղազախստանում։ Սրան զուգահեռ վերջին տարիներին Հայաստանում իրենց դեսպանատներին կից ռազմական (պաշտպանական) կցորդներ են նշանակել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը։
