Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է լուրերը, որ Հայաստանի սահմանը Ադրբեջանի քաղաքացի է հատել:
ԱԱԾ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Տավուշի մարզում հայտնաբերվել է Ադրբեջանի Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, Ադրբեջանի քաղաքացի, 1968թ. ծնված Քասիմով Յաշար Ալի Օղլուն:
«Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում: Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ ադրբեջանցին է հատում Հայաստանի սահմանը: Երեկվանից էին լուրեր շրջանառվում, որ ադրբեջանցի հովիվ է հատել հայկական սահմանը: Սակայն Պաշտպանության նախարարությունը, անվտանգության ծառայությունն ու մյուս իրավապահ կառույցները լուռ էին երեկ:
Հոկտեմբերի 1-ին էլ Սյունիքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը զինված ներխուժել էր Անի Ավետիսյանի տուն։ Կնոջ պատմելով՝ նա զենքը պահել էր երեխաների վրա, իսկ ինքը, փորձելով պաշտպանել նրանց, դիմադրել էր զինծառայողին և ծանր վիրավորվել։
Ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվել է: Նա մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով:
