- Երբ և ինչու սկսեցին լարվել երկու եղբայրական պետությունների հարաբերությունները:
- Ինչ է դա նշանակում Հայաստանի համար:
Բաքվի և իր գլխավոր ռազմավարական դաշնակից Անկարայի միջև հարաբերությունները վերջերս լարվել են: Առերևույթ խնդիրը հիջաբն է՝ կանացի մահմեդական գլխաշորը: Բաքվում սեպտեմբերին սահմանեցին, որ դպրոցներում այն չի կարելի կրել: Թուրքիային այս որոշումը դուր չեկավ ու Անկարայից քննադատություն հնչեց Էրդողանի գլխավոր խորհրդականի մակարդակով։
Բաքվում սա համարեցին միջամտություն իրենց ներքին գործերին: Դրանից հետո՝ իրադարձությունները զարգացան գլորվող ձնագնդի պես՝ հասցնելով տասնյակ ձերբակալությունների:
Թուրք -ադրբեջանական հարաբերությունների ներկա ճգնաժամի և Հայաստանի վրա հնարավոր ազդեցության մասին «Ազատությունը» զրուցել է թուրքագետ Նելլի Մինասյանի հետ.
Չնայած Իսրայելի և Հիջաբի շուրջ սրված այս հակասություններին, Թուրքիան և Ադրբեջանը շատ խորը քաղաքական, տնտեսական ու մշակութային կապեր ունեն:
Անկարան Բաքվի գլխավոր ռազմավարական դաշնակիցներից է՝ Ադրբեջանի անկախությունից ի վեր, իսկ հարաբերությունները բնութագրվում են Հեյդար Ալիևի առաջարկած «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևով:
Անկարան բացահայտ աջակցեց Բաքվին 2020-ի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում՝ առաջին հերթին մահաբեր բայրաքթարներով, որոնք, ըստ ռազմական փորձագետների, վճռորոշ եղան Ադրբեջանի հաղթանակի հարցում։
Պատերազմից հետո՝ 2021-ին, գրավված Շուշիում երկու երկրները հռչակագիր ստորագրեցին՝ պաշտոնականացնելով ռազմավարական դաշինքն ու ռազմական փոխօգնությունը:
Երկու երկրներին միավորում են նաև ռազմավարական, տրանսպորտային ու էներգետիկ նախագծերը, Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին, Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը և TANAP գազամուղը, որոնք Ադրբեջանական նավթն ու գազը Թուրքիայով հասցնում են Եվրոպա:
Անկարայի ու Բաքվի հիմնական համախոհությունը նաև Հայաստանի հետ հարաբերություններում են դրսևորվում: Թուրքիան դեռ առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ փակել է Հայաստանի հետ սահմանը և այն բացելու համար տարատեսակ նախապայաններ է դնում, որոնք անմիջական կապ ունեն Ադրբեջանի պահանջների հետ:
Չնայած Բաքվի հետ տարաձայնություններին՝ Անկարայից առայժմ որևէ ակնարկ չի հնչել, թե պատրաստ են Հայաստանի հետ սահմանը բացել՝ առանց հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը սպասելու։
Մեկ խորհրդանշական քայլ, այդուամենայնիվ, այս օրերին արդեն արձանագրվել է՝ Երևանում անցկացվող COP-17 համաժողովին Անկարայից մասնակցեց Թուրքիայի Գյուղատնտեսության նախարարը, Ադրբեջանը, մինչդեռ, որևէ պաշտոնյայի Երևան չգործուղեց:
