Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր փոխըմբռնման և նոր հավասարակշռության որոնման կարիք ունեն, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։
«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն այսօր մի փուլում են, որը փոխըմբռնում և նոր հավասարակշռության որոնում է պահանջում։ Սակայն, անկախ քաղաքական իրադրության փոփոխություններից, ընդհանուր պատմությունը, համատեղ հաղթանակներն ու մարշալ Բաղրամյանի կերպարը շարունակում են միավորող գործոններ մնալ մեր ժողովուրդների համար», - ասել է դեսպանը։
Կոպիրկինի հայտարարությունը հնչում է հայ-ռուսական հարաբերություններում վերջին ամիսներին առաջացած տարաձայնությունների ֆոնին։ Մոսկվան Երևանից պահանջում է հստակեցնել իր դիրքորոշումը Եվրամիությանն անդամակցելու և Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցում։ Ռուսաստանը նաև սահմանափակումներ է սահմանել հայկական գյուղմթերքի ներմուծման նկատմամբ։
Սեպտեմբերին Բիշքեկում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը խոսել էր փոփոխված պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտության մասին։ Երկու երկրների ղեկավարները հոկտեմբերին նաև Թուրքմենստանում էին՝ ԱՊՀ գագաթնաժողովին, սակայն առանձին երկկողմ հանդիպում չի կայացել։
