Հայաստանը Չեխիայից ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել, այդ մասին պարզ է դառնում այսօր պաշտոնական այցով Չեխիա մեկնած պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի սոցցանցային գրառումից:
Թեև պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտարարել գործարքի մասին, սակայն Պապիկյանը տեսանյութ է տեղադրել չեխական Aero Vodochody ռազմարդյունաբերական ընկերություն կատարած այցից, որտեղ երևում են այդ ընկերության արտադրած L-39NG Skyfox ռազմաուսումնական ինքնաթիռները: «Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում»,- գրել է պաշտպանության նախարարը:
Հայաստանի ռազմական գերատեսչությունը չի հայտնել, թե քանի ինքնաթիռ է գնել և որքան է արժեցել գործարքը: Նախարարության պաշտոնական հաղորդագրությունում միայն նշվում է, որ նախարար Պապիկյանը հանդիպել է Aero Vodochody-ի ղեկավար կազմի հետ, քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր, ընկերությունում նրան են ներկայացրել իրենց արտադրանքի նմուշները։
Aero Vodochody-ի արտադրած L-39 Skyfox-ը ժամանակակից ռազմաուսումնասկան ինքնաթիռ է, որ կարող է կիրառվել նաև թեթև մարտական առաջադրանքների համար՝ աջակցելով ցամաքային առաջադրանքներին։
Czech Army and Defence Magazine կայքը, որ չեխական սպառազինությունն ու կիրառումը ուսումնասիրող հարթակ է, երեք տարի առաջ անդրադառնալով այս զինատեսակին հայտնել էր, որ չորս նման ինքնաթիռների արժեքը գերազանցում է 62 մլն դոլարը, իսկ եթե գնորդները ցանկանում են ձեռք բերել ուսուցման, վերապատրաստման ու լրացուցիչ սարքավորումների փաթեթ, արժեքն ավելի է մեծանում:
Բաց աղբյուրներում առկա տվյալների համաձայն՝ ռազմաուսումնական այս ինքնաթիռի պատվերներ չեխական կողմին տվել են Անգոլան, Վիետնամը, Հունգարիան։ Ամիսներ առաջ L-39 Skyfox Սերբիային մատակարարելու մասին հաղորդեց Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ Որոշ աղբյուրների համաձայն՝ Հայաստանը 4 հատ L-39 Skyfox-ի պատվեր էր տվել։
