Հայաստանի կառավարությունը միջոցներ կձեռնարկի Աֆրիկայում բռնկված էբոլա վարակի դեմ պայքարելու համար ու ձեռք կբերի անհատական պաշտպանիչ միջոցներ՝ հաշվի առնելով, որ COP-17-ին մեծաթիվ հյուրեր են սպասվում նաև աֆրիկյան երկրներից։ Կառավարությունն այդ նպատակով 23 մլն դրամ է հատկացնում:
Ըստ գործադիրի՝ Ուգանդայում արձանագրվել է էբոլայի վարակի բռնկում, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատել է որպես հանրային առողջապահության արտակարգ իրավիճակ։ Աֆրիկյան երկրներից ժամանելիք հյուրերի հանգամանքով պայմանավորված՝ կառավարությոյւնը կարիք է տեսել պատրաստվածություն ունենալ էբոլայի հնարավոր ներթափանցման դեմ։
23 մլն դրամով ձեռք կբերվեն կոմբինեզոններ, ռետինե երկարաճիտ կոշիկներ, դեմքի պաշտպանիչ ակնոցներ, վահանակներ, նաև ձեռնոցներ։
Կառավարության մեկ այլ որոշմամբ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ժամանակավորապես կտեղակայվի «Զվարթնոց» օդանավակայանի պետական սահմանի անցման վայրում։ Պատճառն այն է, որ Աֆրիկայում տարածված է նաև բունդիբուգյո վիրուսային հիվանդությունը։ Բարձր ռիսկայնության գոտիներն են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Անգոլան, Բուրունդին, Հարավային Սուդանը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոյի Հանրապետությունը, Հարավային Սուդանը, Ռուանդան ու Տանզանիան։
«Հաշվի առնելով, որ COP-17-ի շրջանակում նախատեսվում են ժամանումներ նաև այն պետություններից և տարածքներից, որոնք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների և ընթացիկ համաճարակաբանական իրավիճակի հիման վրա կներառվեն համապատասխան ռիսկային ցանկում, առաջանում է այդ անձանց նկատմամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում նպատակային վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտություն»,- նշված է որոշման հիմնավորումներում։
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում սանիտարակարանտինային միջոցառումները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 26-ը։
