Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և այլ պաշտոնատար անձինք այցելել են Սյունիքի մարզ:
Կառավարության փոխանցմամբ՝ այցի նպատակն էր տեղում քննարկել TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված կազմակերպչական մի շարք հարցերը և հստակեցնել ծրագրի հետագա ընթացքը։
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ TRIPP-ի ծրագրի ուղղությամբ աշխատանքները բավականին արագ են առաջ ընթանում և որ TRIPP-ի հիմնարկեքը կսկսի 2027-ի սկզբին:
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է այս տարվա մայիսի 26-ին, ստորագրվել՝ հունիսի 4-ին:
Նախօրեին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակցություն տվեց հայ-ամերիկյան TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացմանը: Հարցը կներառվի նաև Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում:
Ավելի վաղ կառավարությունը հաստատել էր հայ-ամերիկյան համաձայնագիրն ու ուղարկել Սահմանադրական դատարան, որն էլ մի քանի ժամ տևած քննությունից հետո որոշել էր, որ փաստաթուղթը չի հակասում Հայաստանի Սահմանադրությանը։
Սյունիքով անցնող «Թրամփի ուղով» Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան տարանցումը, ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, պետք է լինի անխոչընդոտ՝ թվային գործիքների կիրառմամբ։ Երևանն ու Վաշինգտոնը միաժամանակ պնդում են, որ Հայաստանը պահպանելու է լիակատար իրավազորությունն իր ինքնիշխան տարածքում։
