Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն առաջարկել է մի շարք կադրային փոփոխություններ անել կառավարությունում։ Առաջարկները ստացել են նախագահի աջակցությունը, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ըստ այդմ՝ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն առաջադրվել է փոխվարչապետի պաշտոնում՝ պահպանելով նախարարի պաշտոնը: 2018-ից 2020 թվականներին Սիլուանովը զբաղեցրել է առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ պահպանելով ֆինանսների նախարարի պաշտոնը։
Վիտալի Սավելևի Պետդումա տեղափոխվելուց հետո նախարարների կաբինետից դուրս են եկել ևս երկու փոխվարչապետներ՝ Յուրի Տրուտնևը և Դմիտրի Գրիգորենկոն։
Դմիտրի Գրիգորենկոն կլքի կառավարության ղեկավարի տեղակալի և աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, այդ պաշտոնում առաջադրվել է ֆինանսների առաջին փոխնախարար Իրինա Օկլադնիկովան։
Փոխվարչապետ և Հեռավոր Արևելքի դաշնային օկրուգում նախագահի լիազոր դեսպանորդ Յուրի Տրուտնևի պաշտոնում առաջարկվել է Պրիմորիեի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոյի թեկնածությունը:
Տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը կդառնա տրանսպորտի գծով փոխվարչապետ։ Նախարարի պաշտոնում նրան կփոխարինի Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Յադրովը։
Վարչապետ Միխայիլ Միշուստինը Պետդումայի հաստատմանն է ներկայացրել նոր նախարարների և փոխվարչապետների թեկնածությունները: Ակնկալվում է, որ դրանք կքննարկվեն մեկ շաբաթվա ընթացքում: Եթե խորհրդարանը հաստատի դրանք, ապա նախագահը կստորագրի նշանակման հրամանագիրը:
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը պատգամավորներին տեղեկացրել է կառավարությունում առաջարկվող փոփոխությունների մասին, հաղորդում է Պետդումայի ստորին պալատի մամուլի ծառայությունը։
