Լիտվայի հյուսիսում՝ Լատվիայի հետ սահմանին մոտ, հոկտեմբերի 18-ի առավոտյան ուժգին պայթյուն է որոտացել։ Ենթադրվում է, որ անօդաչու է ընկել և պայթել, սակայն իշխանությունները դեռ չեն հաստատել՝ ինչ սարք է եղել և ում է պատկանել։
Delfi պարբերականի փոխանցմամբ՝ Պասվալիսի շրջանի Յուոջենյու գյուղում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչուի բեկորներ։ Պայթյունից վնասվել է մոտակայքով անցնող ավտոմեքենան, վարորդը չի տուժել։
Առավոտյան Լիտվայի մի շարք շրջաններում և հարևան Լատվիայում տագնապ էր հայտարարվել օդային տարածքում անհայտ օբյեկտ հայտնվելու պատճառով։
Նախնական տվյալներով՝ այն Լիտվա է ներթափանցել Լեհաստանի կողմից։ Օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի կործանիչներ, սակայն օբյեկտը չի խոցվել։ Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասի խոսքով՝ եղանակային բարդ պայմանները թույլ չեն տվել պարզել, թե ինչ է թռչում։
Վերջին ամիսներին Բալթյան երկրներում անօդաչուների հայտնվելու մի քանի դեպք է գրանցվել։ Դրանց մի մասը կապել են ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցությամբ ուկրաինական անօդաչուների՝ ուղուց շեղվելու հետ։
