ԱՄՆ-ն ընդունել է Իրանի յոթ կետանոց առաջարկների մի մասը միայն, մյուսները թողել է անպատասխան, հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին՝ նշելով, որ ԱՄՆ-ի արձագանքն «անբավարար է»:
«ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի յոթ պայմաններից մի քանիսին, բայց մենք նրա պատասխանը համարում ենք անբավարար», - Ռեզաին գրել է X-ում:
«Իրանական դիվանագիտությունը փոխվել է, և ստատուս քվոյին վերադարձ չի լինի», - հավելել է նա՝ ակնարկելով, որ Թեհրանը չի համաձայնի վերադառնալ պատերազմից առաջ եղած պայմանավորվածություններին:
Իրանը հայտարարել էր, որ յոթ կետանոց առաջարկները հնարավորություն կտան մի քանի օրում վերաբացել Հորմուզի նեղուցը և վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ, եթե կատարվեն նրա պայմանները, այդ թվում՝ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման և իրանական նավթի վաճառքի սահմանափակումների վերացումը։
Ռեզաին նախկինում հայտարարել էր, որ Թեհրանը չի վերաբացի նեղուցը կամ չի սկսի բանակցություններ, քանի դեռ իր պահանջները չեն բավարարվել։ Դրանք ներառում են՝ պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, իրանական սառեցված միջոցների ազատում, Իրանի նկատմամբ ԱՄՆ ռազմածովային շրջափակման վերացում, Վաշինգտոնի կողմից Իրանի ներքին գործերին միջամտության դադարեցում և ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածքի վրա բոլոր հարձակումների դադարեցում։
Հորմուզը՝ կռվախնձոր
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում այժմ ամենակարևոր հարցերից մեկը Հորմուզի նեղուցի վերաբացումն է: Թե՛ Իրանը, և թե՛ ԱՄՆ-ն պնդում են, որ իրենք են վերահսկում նեղուցը, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող բնական գազի ու նավթի մոտ 20 տոկոսը:
Oրեր առաջ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային հայտարարել էր, որ Օմանը և Իրանը համաձայնության են եկել Հորմուզում անվտանգ տարանցիկ երթուղիների վերաբերյալ և շուտով իրենց առաջարկը կներկայացնեն միջազգային մակարդակով։
«Իրանի և Օմանի միջև խորհրդակցությունների գործընթացը հաջողությամբ է ընթանում: Բացի Հորմուզի նեղուցում անվտանգ երկկողմանի երթուղիների աշխարհագրական կոորդինատների շուրջ համաձայնությունից՝ երկու կողմերն էլ համաձայնության են եկել այն մասին, թե ինչպես է այս հարցը ներկայացվելու համապատասխան միջազգային մարմնին», - ասել էր նա:
Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի և Օմանի տարածքային ջրերում: Սակայն այն միևնույն ժամանակ միջազգային նավարկության համար է կիրառվում: ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիայի 37–44-րդ հոդվածներով նման նեղուցներում գործում է տրանզիտային անցման (transit passage) հատուկ ռեժիմ։ Այդ ռեժիմը նշանակում է, որ տարածքային ջրերի կարգավիճակը չի վերանում, բայց միջազգային նավերը և օդանավերը ունեն նեղուցով անցնելու հատուկ իրավունք, և առափնյա պետությունները չեն կարող պարզապես դադարեցնել այդ անցումը։
