Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են Ռուսաստանի Կալուգայի, Ստավրոպոլի և Մոսկվայի մարզերի վրա, Մոսկվայի օդանավակայաններում մոտ 15 չվերթ է հետաձգվել:
Կալուգայում ուկրաինական հարձակումների հետևանքով վնասվել է մեկ դպրոց, երկու մասնավոր տուն և մեկ ավտոմեքենա, հայտնել է նահանգապետ Վլադիսլավ Շապշան։ Նրա խոսքով՝ ոչ ոք չի տուժել։
Հոկտեմբերի 12-ի երեկոյից ի վեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը տարածաշրջանի երկնքում խոցել են 75 անօդաչու թռչող սարք։
Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը հետ են մղել «Ստավրոպոլի վրա զանգվածային օդային հարձակումը»։
«Նևինոմիսկի արդյունաբերական գոտում գրանցվել է անօդաչու թռչող սարքի բեկորներից վնաս։ Ընթացքի մեջ են վթարի վայրերի ստուգումները և հետևանքների գնահատումը, և սկսվել են վերանորոգման աշխատանքները», - գրել է նա՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայի ուղղությամբ թռչող 65 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Նա նշել է, որ Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 417 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը ՀՕՊ ուժերը չեզոքացրել են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ սա տարվա սկզբից ի վեր անօդաչու թռչող սարքերի ամենամեծ հարձակումներից մեկն էր։
Ինչպես հայտնում է ASTRA-ն Ուկրաինայի զինված ուժերի կողմից գիշերը տեղի ունեցած հարձակումների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է մոտ 150 չվերթ։ Միայն «Վնուկովոյում» հետաձգվել է մոտ 100 չվերթ։ Ռոսավիացիայի տվյալներով՝ թռիչքների սահմանափակումներ են մտցվել նաև «Դոմոդեդովոյում», «Շերեմետևոյում» և «Ժուկովսկիում»։
